3 ապրիլի 2009 - 21:43 AMT
Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Ստամբուլ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում ապրիլի 6-7: «Թուրքիայում գագաթաժողովին մասնակցելուց նախագահի հրաժարվելը կարող է գնահատվել որպես Հայաստանի հետ այդ երկրի սահմանի բացմանը պատրաստվելու դեմ բողոքի նշան»,- գրում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:
«Թուրքիան մտադիր է բացել սահմանները` հաշվի չառնելով Ադրբեջանի դիրքորոշումը եւ չսպասելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դա կարելի է նշել որպես մի քանի պատճառներից մեկն այն բանի, որ նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում կայանալիք գագաթաժողովին: Բայց չի բացառվում, որ դա կարող է կապված լինել նախագահի աշխատանքային գրաֆիկի հետ կամ մեկ այլ հարցի հետ, բայց հիմնական վարկածն այսօրվա դրությամբ մնում է հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը եւ Թուրքիայի կողմից սահմանի բացման ծրագրերի վերաբերյալ հերքման բացակայությունը»,- նշում է գործակալությունը:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ անցկացվող հանդիպման համանախագահներն են Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն եւ թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: