3 ապրիլի 2009 - 22:55 AMT
Հայաստանի կենտրոնական բանկը բացառում է ազգային տարադրամի արժեզրկման հավանականությունը
Վերջին 7-8 տարիներին Հայաստանի Կենտրոնական բանկը ոչ մի զսպող գործողություններ չի կատարել ազգային տարադրամի փոխարժեքի շարժման հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` չպարզաբանելով, որ այդ դեպքում նկատի ուներ այն ժամանակը, երբ ԿԲ հայտարարեց լողացող փոխարժեքին անցնելու մասին:

Նրա խոսքով, Հայաստանի Կենտրոնական բանկը զսպելու է փոխարժեքը միայն փոխարժեքի շուկայում «հրդեհի» դեպքում: «Փոխարժեքի կտրուկ աճի կամ նվազման դեպքում ԿԲ մի կողմից կսկսի վաճառել, մյուս կողմից` գնել»,- հայտնել է Ջավադյանը: Դրամի երկրորդ արժեզրկման հնարավորության մասին հարցը զարմացրեց ԿԲ նախագահին. «Իսկ մենք արդյոք ազգային տարադրամի արժեզրկում անցկացրե՞լ ենք»: Ինչպես ասել է Ջավադյանը, նրա մտքով անգամ չէր անցել նման հնարավորությունը, միակ բանը, որ հայտարարել է ԿԲ, 360-380 միջակայքն է, որի սահմաններում «կարող է տատանվել ազգային տարադրամի փոխարժեքը»: «Դա ընդամենը մեր մասնագետների եւ միջազգային կառույցների (ՄՏՀ, ՀԲ) մասնագետների գնահատականն է, բայց դա չի նշանակում, որ փոխարժեքը պետք է տատանվի այդ սահմաններում»,- ասել է նա:

Նշենք, որ Ջավադյանի ներկայացրած դիրքորոշումը հակասում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, որը, խոսելով ԿԲ հայտարարության եւ դրան հաջորդած դրամի փոխարժեքի կտրուկ նվազման մասին, կատարվածը ոչ միայն արժեզրկում անվանեց, այլեւ նկատեց. «Այս դեպքում Կենտրոնական բանկը հաստատեց այն միջակայքը, որի շրջանակներում տատանվելու է ազգային տարադրամի փոխարժեքը: Դա պարզություն է ներմուծում շուկայի բոլոր մասնակիցների համար, ինչը թույլ է տալիս խուսափել ավելորդ խուճապից եւ շուկան կանխատեսելի է դարձնում»: