4 ապրիլի 2009 - 13:13 AMT
Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կմասնակցեն ՖԻԴԵ Գրան-պրի 4-րդ փուլին
Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կմասնակցեն ՖԻԴԵ Գրան-պրի 4-րդ փուլին, որը տեղի կունենա ապրիլի 14-30 Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում:

Հայ գրոսմայստերների հետ միասին առաջնությանը կմասնակցեն 12 գրոսմայստերներ, որոնք նույնպես մտնում են միջազգային շախմատի վերնախավի մեջ, այդ թվում` ռուս գրոսմայստերներ Պյոտր Սվիդլերը, Եվգենի Ալեքսեեւը եւ «Լինարես-2009»-ի հաղթող Ալեքսանդր Գրիշչուկը, աշխարհի գավաթի մրցանակակիր ամերիկացի Գատա Կամսկին, Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկը, Պավել Էլյանովը եւ Վեյք-ան-Զեի սուպերառաջնության հաղթող Սերգեյ Կարյակինը, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովը, հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը եւ ֆրանսիացի Էտյեն Բակրոն:

Մրցույթի վարկանիշային ֆավորիտի դերում հանդես կգա օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գավաթի եւ «Ամբեր-2009» շախմատային առաջնության հաղթող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Ապրիլի 1-ին լույս տեսած ՖԻԴԵ վարկանիշային սանդղակի համաձայն, առաջնության միջին վարկանիշը կազմում է 2725 կետ: Մինչ այդ բարձրագույն միջին վարկանիշը (2715) սերիայում Էլիստայի Գրան-պրի երրորդ փուլում էր:

ՖԻԴԵ Գրան-պրի մրցույթները նախընտրական մրցություններ են համաշխարհային առաջնության համար պայքարում: 2008-09թթ. ընթացքում տեղի կունենա Գրան-պրի վեց փուլ: Այն մասնակիցը, որը հաղթանակի կհասնի ընդհանուր հաշվով, իրավունք կստանա ապագայում ելույթ ունենալ հավակնորդների առաջնությանը: Հավակնորդների առաջնության հաղթողն իր հերթին 2011թ. շախմատային թագի համար կպայքարի աշխարհի գործող չեմպիոնի հետ:

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին: Առաջին փուլը մեկնարկում է ապրիլի 15-ին:
Խաղարկային օրերը` ապրիլի 15-19, 21-24, 26-29: Հանգստյան օրերը` ապրիլի 20 եւ 25: Առաջնության փակումը տեղի կունենա ապրիլի 29-ին վերջին` 13-րդ փուլի ավարտից անմիջապես հետո:

Գրան-պրի 4-րդ փուլի մասնակիցների ցուցակն ըստ վարկանիշի (փակագծերում` դրությունը ՖԻԴԵ վարկանիշով)`

1. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2754 (6)
2. Պետեր Լեկո (Հունգարիա) - 2751 (9)
3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2748 (10)
4. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2746 (12)
5. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2733 (15)
6. Էտյեն Բակրո (Ֆրանսիա) - 27 28 (17)
7. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - 2726 (18)
8. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 2725 (19)
9. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 2721 (20)
10. Գատա Կամսկի (ԱՄՆ) - 2720 (24)
11. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան) - 2716 (25)
12. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2696 (34)
13. Ռուստամ Կասիմժանով (Ուզբեկստան) - 2695 (35)
14. Պավել Էլյանով (Ուկրաինա) - 2693 (36)