21 ապրիլի 2022 - 17:49 AMT
Վանեցյան․ Եթե Փաշինյանի ասած 25,000 զորքը կար, պետք էր չստորագրել, վերադիրքավորվել ու պահել Քարվաճառը, Բերձորը

Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքին, ասել է, որ եթե Փաշինյանի ասած 25,000 զորքը կար, պետք էր չստորագրել, վերադիրքավորվել ու պահել Քարվաճառը, Բերձորը:

«Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել է, որ նոյեմբերի իննի փաստաթուղթը ստորագրում է 25,000 կյանք փրկելու համար։ Եթե մենք Արցախում ունեինք 25,000 զինվորական․․․Ալիևը վերջերս հայտարարել է, որ եթե այդ ժամանակահատվածում պատերազմը չկանգներ, լինելու էր այլ ընթացք, որովհետև ադրբեջանական բանակը հյուծված էր և չուներ անհրաժեշտ սպառազինություն։ Ընդ որում, հայկական կողմի պարտությունների հիմնական պատճառը եղել է անպաշտպան օդը, և ԱԹՍ-ները կարողանում էին հարվածել մեր դիրքերին ու զինվորներին»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նրա խոսքով, նոյեմբերի 2-ից սկսած՝ Արցախի օդը որոշակիորեն պաշտպանված էր։

«Բերվել էր հատուկ տեխնիկա, ՀՕՊ սարքեր, և ամսի երկուսից գրեթե․․․այսինքն, արդեն հնարավոր էր նորմալ զորքերը շարել, փորձել վերակազմավորվել։ Իմ ասածը հետևյալն է՝ եթե ունեինք 25,000 զորք․ եթե ստորագրելու ժամանակ հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ ենք ունեցել մի հատվածում, որը Շուշին էր, և հնարավոր էր հետ քաշվել, վերակազմավորվել, ուժեղացնել պաշտպանությունն ու փոխել մարտավարությունը՝ չանցնել հարձակման, այլ պաշտպանվել առաջին փուլում, միաժամանակ՝ Քարվաճառն ու Բերձորը չհանձնելով՝ 100%-ով ՀՀ-ի սահմանների անվտանգությունն ապահովել։ Եթե չէինք ստորագրում, կարողանալու էին վերադիրքավորվել, փոխել մարտավարությունը և որևէ կերպ պատերազմի ընթացքը շրջել, գնալ դեպի հաղթանակ, որովհետև 44 օրում իշխանությունը և նրա քարոզչամեքենան ասում էր հաղթելու ենք, հաղթելու ենք․․․իսկ վերջում մի օրում պարզվեց, որ չենք հաղթում»,-ասել է նա։

Արթուր Վանեցյանը հստակեցրել է, որ այս սցենարի մասին ավելի վաղ խոսելիս չի ասել, թե խաղաղ բնակչությունը պետք է դուրս գար, պետք չէ բառացի հասկանալ իր ասածները։

«Բացառապես Քարվաճառում և Բերձորում դիրքավորվելու մասին չէր խոսքը, ինչո՞ւ եք բառացի հասկանում։ Դրանք անպայման պետք էր պահել, որ կարողանայինք պաշտպանել ՀՀ սահմանները։ Որ պահեինք, ոչ Սյունիքում այսօր խնդիր կունենայինք, ոչ Գեղարքունիքում»,-ասել է նա։

Ապրիլի 17-ի երեկոյան ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել և դրանք սկսված են։ Նա հավելել է, որ նստացույց է սկսում և տուն չի գնալու Ազատության հրապարակից։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց և պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային։ Ապրիլի 18-ի առավոտյան հրապարակում նստացույց անող Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի 2 մասնակից` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք հացադուլ են հայտարարել: