Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, գրել է, որ այդ իրադարձությունն արմատապես փոխեց հայ ազգի ուղին:
Նա նշել է, որ դժվար է հայ լինել ու հայ մնալ և քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը՝ մշակութային, կրոնական, պատմական առումով, բախվում ու բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետապնդող վտանգին:
Նա նշել է նաև, որ «մեր թշնամիները երբեք չհրաժարվեցին իրենց նկրտումներից՝ փորձելով կյանքի կոչել Օսմանյան կայսրությունը»։
«1915 թվականին իմ և ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսվեցին մեր նախնիների հողերից, սպանվեցին կամ ստիպված եղան հարմարվել այլ ազգերի ու մշակույթների հետ ձուլմանը։
Որպես ազգ մենք սովորեցինք մի դառը ճշմարտություն. շատ քչերին է մտահոգում անարդարությունն ու չարիքը, եթե հենց իրենց չի ուղղված կամ անմիջականորեն չի բախվում իրենց շահերին:
Ոմանց համար այս փաստը կարող է հուսահատեցնող լինել, բայց ես հավատում եմ, որ այն կարող է աշխատել մեր օգտին. Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ, հասկանալով, որ անհամեմատ փոքր է, և որ իր միակ առավելությունն իր քաջությունն է: Մենք՝ հայերս, պատառոտված, թուլացած, ամբողջովին կամավորներից կազմավորված բանակով, պաշտպանեցինք ապրելու մեր իրավունքը՝ 1918-ի Սարդարապատի ճակատամարտում՝ հետ մղելով հայությունն իսպառ բնաջնջելու մոլուցքով տարված թուրքական մեծաթիվ բանակը:
Գոյատևման վտանգը միշտ էլ հետապնդել է մեզ: Եվ ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, մեր թշնամիները երբեք չհրաժարվեցին իրենց նկրտումներից՝ փորձելով կյանքի կոչել Օսմանյան կայսրությունը։
Եկեք բոլորս լինենք ուժեղ ու հպարտ ՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որը սակայն երբեք չի դադարել ապրել ու ստեղծագործել: Մենք պիտի շարունակենք ցույց տալ մեր գոյությամբ, որ չնայած մենք փոքր ազգ ենք, միևնույն է, կարող ենք և պիտի պայքարենք արդարության համար, շարունակելով հարգել մեր ավանդույթները և միասնական լինելով որպես մեկ ազգ՝ Ստեփանակերտից մինչև Երևան»,-գրել է Արոնյանը։