ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծման օգտին, ինչպես նաև դեմ է «միակողմանի քայլերին, հատկապես Ադրբեջանի կողմից»։
Նրա խոսքով, Վաշինգտոնն այդ կապակցությամբ «վստահության ամրապնդման տարբեր միջոցներ մշակում և առաջ մղում»։
«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, բոլորովին վերջերս, մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ եմ ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում։