29 ապրիլի 2022 - 15:06 AMT
Ալիև. ՀՀ-ն կարող է հասանելիություն ստանալ ադրբեջանական էներգակիրներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շատ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերում և որ «Հայաստանը ևս կարող է միանալ տարածաշրջանային զարգացմանը»։

Նա ասել է, որ Հայաստանը միայն կշահի դրանից և կարող է հասանելիություն ստանալ ադրբեջանական էներգակիրներին և որոշ չափով նաև մաս կազմել միջազգային տրանսպորտային միջանցքներում։

«Ադրբեջանի հետ հարաբերերությունների կարգավորումը Հյաաստանի համար հնարավորություններ կբացի, որոնք հիմա անհնար է կանխատեսել»,- ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը:

Ալիևն ասել է, որ Հայաստանը «պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից»։

Նա նաև ասել է, որ, եթե Հայաստանի հետ խաղաղ պայմանագիրը ստորագրվի, եթե կիրառվի առաջարկված 5 սկզբունքը, ապա տարածաշրջանում «երկարատև և կայուն խաղաղություն» կհաստատվի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ: