30 ապրիլի 2022 - 12:32 AMT
Բեգլարյան․ Ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկության միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի զրույցին Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի որոշման մասին, հռետորական հարց է բարձրացրել․ ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկությանու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:

«Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին:

Միանշանակ դա նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում իրենց ինքնորոշման իրավունքի համար, որոնց թվում Արցախի բնիկ ժողովուրդն առաջնային դիրքերում է:

Ավելորդ է նույնիսկ փաստարկներ բերել, թե տասնամյակներ շարունակ Արցախի հայությունը ցեղասպան ինչ քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և գոյութենական մի շարք այլ սպառնալիքներ, որոնց մասին վկայում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից փաստագրված փաստերը։

Այժմ հռետորական հարցը․ ինչո՞ւ Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այդ միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ»,- գրել է Բեգլարյանը։

ԱՀ պետնախարարը նշել է նաև, որ չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չի կատարել իր կանխարգելիչ պարտականությունները և արդունքում տարբեր ժողովուրդներ ցեղասպանության են ենթարկվել։

Ընթերցեք նաև․ Պուտին-Գուտերեշ վեճն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին