ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է երկխոսությունը ՀՀ և Ադրբեջանի միջև, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Երախտագիտություն ենք հայտնում այն տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով տևական խաղաղության ուղղությամբ, ինչը բոլորիս ցանկությունն է»,- ասել է Բլինքենը։
Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Արարատ Միրզոյանն Էնթոնի Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։ Կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: