5 մայիսի 2022 - 11:05 AMT
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն դեմ է քվեարկել Թուրքիայում դեսպանի նշանակմանը

Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայազգի սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը:

Ուրուգվայի խորհրդարանում դեսպանի նշանակումը հաստատելու քվեարկություն է եղել, որի արդյունքում պատգամավորները միաձայն դեմ են քվեարկել Սայրուսի նշանակմանը, գրում է Ermenihaber-ը։

Դեսպանի գործը հետ է ուղարկվել Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողով: Որոշման մեջ ասվում է, որ այն որևէ առնչություն չունի դեսպանի անձի հետ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Չավուշօղլուի այդ քայլը բողոքի պատճառ էր դարձել Ուրուգվայում: Դեպքը տեղի էր ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողությունից հետո, որին մասնակցում էր Չավուշօղլուն: