5 մայիսի 2022 - 13:00 AMT
Պապիկյանը Վրաստանի վարչապետին է ներկայացրել ՀՀ կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան է վերադարձել 15 հայ ռազմագերի:

Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Մինչ այդ Սուրեն Պապիկյանը և Վրաստանի ՊՆ ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը: