11 մայիսի 2022 - 10:46 AMT
Ասենում բացվել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցը սկսել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Այնուհետև Փաշինյանը մասնակցել է քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Ասենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ:

Իր ելույթում վարչապետը նշել է. «Այս տարի հայկական մշակույթը Նիդերլանդներում ներկայացվում է աննախադեպ ձևով։ Հայաստանի պատմության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասունքների և արժեքավոր իրերի ցուցադրությունը նոր լույս կսփռի պատմության խորքից բխող հայկական մշակութային ժառանգության վրա։

Հայ-հոլանդական փոխազդեցությունների մասին առաջին հիշատակումը վերաբերում է IV դարին։ 17 և 18-րդ դարերում Ամստերդամը եղել է հայ տպագրության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ 1660-ին հայ հոգևորական և հրատարակիչ Մատթեոս Ծարեցին հիմնել է տպարան: 1666-ին հայ հոգևորական Ոսկան Երևանցին տպագրել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագիր հրատարակությունը 5000 օրինակով` հիմնված 13-րդ դարի Կիլիկիայի թագավոր Հեթում Երկրորդի հրամանով գրված Աստվածաշնչի վրա: Հրատարակիչը համագործակցում էր հոլանդացի մեծանուն դրոշմակնիք կտրող Քրիստոֆել վան Դայքի հետ: Սա մշակութային փոխազդեցության հիանալի օրինակ է և վկայում է Հայաստանի և Նիդերլանդների քաղաքակրթության նույն ակունքների մասին:

Հայ-հոլանդական վաղեմի փոխազդեցության մեկ այլ դրվագ այն է, որ հայ վաճառականները 16-րդ դարում Հոլանդիայում հիմնել են առևտրային տներ: Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում Ջուղայից հայ վաճառականների համար ծառայել է որպես տարանցիկ ճանապարհ, այժմ կոչվում է «Հայկական կամուրջ»։

Այս տպավորիչ հավաքածուի շնորհանդեսը Դրենց թանգարանում և երկլեզու կատալոգը ուժեղ խթան կհանդիսանա երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համար և թույլ կտա հազարավոր այցելուների բացահայտել Հայաստանի անցյալը Արարատի ստվերի ներքո, որը մշտապես եղել է համընդհանուր խորհրդանիշ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների համար և շարունակականության ուղեցույց»:

Այնուհետև Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչ պարգևատրվել է Հայաստանի պետական պարգևներով՝ ՀՀ հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար: Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: