12 մայիսի 2022 - 14:36 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԱԺ պատգամավորին․ Լրագրողների հանդեպ ենթադրյալ անհամաչափ բռնության մասով նախազգուշացում կա

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է ոստիկանական բռնությունների մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրություններին։ Այդ մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Բուրիչը նշել է․ «Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ արդեն նախազգուշացում է տեղադրվել մեր հարթակում՝ խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին»։

Թովմասյանը նշել է, որ ապրիլի 29-ին և մայիսի 2-ին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու դեպքերի, դրանց արդյունքում քաղաքացիներին հասցված մարմնական վնասվածքների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի մասին գրություններ էր ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Պատգամավորը նշել է նաև, որ մանրամասն ներկայացրել էր Հայաստանում տիրող իրավիճակը և ոստիկանների ակնհայտ կանոնակարգված բռնի, մարդու իրավունքները ոտնահարող գործողությունները։

«Գլխավոր քարտուղարը, պատասխանելով իմ գրություններին, նշել է, որ խաղաղ հավաքներ իրականացնելու ազատությունը ժողովրդավարական, հանդուրժող և բազմակարծիք հասարակության հիմքերից է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես մեկնաբանվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող գործերով։

ԵԽ գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ իր գործողություններում ոստիկանությունը որդեգրի մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, և իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառումը լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ և սահմանափակվի այն դեպքերով, երբ դա խիստ անխուսափելի է: Ուժը պետք է կիրառվի միայն անհրաժեշտության նվազագույն աստիճանով։

«Վստահ եղեք, որ Եվրոպայի խորհուրդը և նրա համապատասխան կառույցները կշարունակեն ուշադրությամբ հետևել ստեղծված իրավիճակին և աշխատել ՀՀ իշխանությունների հետ ինչպես անդամ մյուս երկրներում՝ այս սկզբունքները պահպանելու համար»,-նշել է Բուրիչը»,-ասվում է գրառման մեջ:

Թովմասյանը հավելել է, որ կշարունակի ներկայացնել միջազգային մյուս կարևորագույն կառույցների արձագանքները հրապարակման մասով նրանց համաձայնությունները ստանալուն պես: