13 մայիսի 2022 - 11:14 AMT
Պետդեպ․ Երկարաժամկետ խաղաղությունը Հրվ. Կովկասում նաև ՌԴ շահերից է բխում

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությունը Հարավային Կովկասում բխում է նաև Ռուսաստանի շահերից։

Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը խոսել է Լեռնային Ղարաբաղի առումով դրական ազդակների մասին և նրան հարցրել են, թե չի մտահոգում արդյոք նրան, որ ռուսները կարող են վտանգել ցանկացած դրական կապերը։

«Երկարաժամկետ խաղաղությունը Հարավային Կովկասում, ինչին փորձում ենք նպաստել, մեր շահերից է բխում։ Դա նաև Մոսկվայի շահերից է բխում։ Մոսկվան, անշուշտ, նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է»,-ասել է Փրայսը։

Նախկինում ևս ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է գործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում ԵԱՀԿ մեխանիզմների միջոցով։ Սակայն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն գործակցում Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։