13 մայիսի 2022 - 11:22 AMT
Աշնանը Shell-ը բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում

Աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը բենզալցակայանների ցանց կգործարկի Հայաստանում։ Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասել է Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը: