Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Վայոց Ձորում իրականացվող ճանապարհաշինությանը, նշել է, որ խնդրահարույց է մնում Վայոց Ձորից դեպի Սյունիք տանող ճանապարհների որակը։
Նա հավելել է, որ պետք է աշխատել խնդիրները վերացնելու ուղղությամբ։
«Հիմա մենք, հանգամանքների բերումով, Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է», - ասել է վարչապետը:
Գործադիրի որոշմամբ, Ճանապարհաշինական ծրագրերի համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 4 մլրդ 750 մլն դրամ։
Ներկայացնելով նախագիծը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ առաջարկվում է ֆինանսական միջոցներն ուղղել 2022-ին իրականացվող շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությանը:
Սանոսյանն ասել է, որ Սյունիքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Նորավանով, Լծենով դեպի Տաթև անցնող ճանապարահը, որը կունենա երկշերտ ասֆալտապատում, իսկ ասֆալտապատման երրորդ շերտը կիրականացվի 2023-ին։
Սյունիքում նախատեսվում է նաև Աղվանի-Տաթև-Վերին Խոտանան շրջանցող ճանապարհի կառուցումը, Որոտան–Բարձրավան–Շուռնուխ հատվածի վերակառուցումը։
Բացի այդ, նախատեսվում է նաև իրականացնել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի Արենի–Արփի–Եղեգնաձոր, Սարավան–Սարալանջ, Վարդավանք–Խդրանց-Ագարակ հատվածների հիմնանորոգումը։