14 մայիսի 2022 - 15:47 AMT
Արամ Ա-ն առանձնազրույցներ է ունեցել Լիբանանում ՀՀ և ՌԴ դեսպանների հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Անթիլիասում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովին և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Հանդիպումներն առանձին են եղել։

Կաթողիկոսի և ՌԴ դեսպանի մոտ մեկ ժամ տևած զրույցի առանցքում Հայաստանն էր և պատերազմն Ուկրաինայում։ Արամ Ա-ն ներկայացրել է իր գաղափարներն ու մտավախությունները։

Դեսպան Ռուդակովն իր հերթին պարզաբանել է ՌԴ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում և խոսել այն ջանքերի մասին, որ ՌԴ-ն գործադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։

Հանդիպման ավարտին Վեհափառ հայրապետի ներկայությամբ կարճ հանդիպում է տեղի ունեցել դեսպանի և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու միջև՝ քննարկելու իրավիճակը Լիբանանում։

Օրվա երկրորդ կեսին կաթողիկոսին այցելել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման առանցքում Հայաստանին առնչվող հարցերի քննարկումն էր։