Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Միջնորդությունը բավարարվել է։ Չալաբյանը կալանավորվել է 2 ամսով»,– ասել է նա։
Փաստաբանը հայտնել է, որ գործի մասին առավել մանրամասն կխոսի ժամը 17։30-ին Ֆրանսիայի հրապարակում նախանշված ճեպազրույցի ընթացքում։
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը։
Մայիսի 9-ին լրատվականներից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ընթերցեք նաև․ «Արար» հիմնադրամի հորդորն իշխանություններին՝ անհապաղ ազատել Ավետիք Չալաբյանին