6 ապրիլի 2009 - 19:50 AMT
Թուրքիա է ժամանել ԱՄՆ նախագահը, որն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Մինչեւ հիմա ԱՄՆ վարչակազմը չի որոշել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի տեքստը, որով նա ապրիլի 24-ին հանդես է գալու Ամերիկայի հայ համայնքի առջեւ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել է Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ելնելով նման իրադրությունից` այսօր դժվար է ասել` արդյոք Բարակ Օբաման կօգտագործի «ցեղասպանություն» բառը, թե` ոչ»,- նկատել է Դեմոյանը: Նա ուշադրություն է դարձրել այն բանին, որ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ հատուկ ուղերձով դիմում է երկրի հայկական համայնքին, եւ դա լուրջ քայլ է: «Բարակ Օբամայի վարչակազմի օրոք հավանականություն կա, որ ԱՄՆ նախագահը եւս մեկ քայլ կկատարի Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին եւ պաշտոնապես կճանաչի այդ փաստը: Ներկայումս Թուրքիայում է գտնվում ԱՄՆ այն նախագահը, որն ավելի վաղ` որպես սենատոր եւ ԱՄՆ նախագահի թեկնածու, բանավոր եւ նամակային ձեւով ճանաչել է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը»,- հայտնել է Հայկ Դեմոյանը: