24 մայիսի 2022 - 15:00 AMT
Լեռնային որոշ գոտիներում թաց ձյուն կտեղա, ջերմաստիճանը կընկնի մինչև 0․․․-1 աստիճան

Մայիսի 24-ի երեկոյան ժամերին և լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։

Դա պայմանավորված է Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում` մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում մայիսի լույս 25-ի գիշերը կգրանցվի +9 աստիճան։