ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:
Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերին, ասել էր, որ Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերու, պատանդի և այլ կարգավիճակով անձանց, որոնց գերությունը հաստատել է նաև Ադրբեջանը։ 38-ից 3-ը քաղաքացիական անձ է։