ԱՄՆ Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ մի շարք կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ներառյալ Եհովայի վկաներն ու ավետարանչականները, հայտնում են նախորդ տարիների համեմատ 2021-ին վերջիններիս նկատմամբ հանրային վերաբերմունքի ընդհանուր բարելավման մասին, ինչպես նաև մամուլում բացասական բովանդակությամբ հրապարակումների նվազման կամ բացակայության վերաբերյալ:
Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հունիսի 2-ին հրապարակած Միջազգային կրոնական ազատության 2021-ի իր զեկույցում՝ երկրների ցանկում ներառելով նաև Հայաստանում անցած տարվա ընթացքում կրոնական ազատությունների հետ կապված զարգացումները, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Նշվում է, որ դրա հետ մեկտեղ, կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները շեշտում են՝ հանրային և ընտանեկան ճնշումը Հայաստանում շարունակում է հանդիսանալ հիմնական զսպիչ գործոն՝ Հայ առաքելական եկեղեցուց բացի այլ կրոնական խմբերին միանալու համար։
Զեկույցը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպանությունը կրոնական ազատությունների հետ կապված իրավիճակը մշտապես քննարկում է երկրի կրոնական փոքրամասնությունների հետ, ինչպես նաև կառավարության անդամների և խորհրդարանականների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնում կրոնական ազատությունների հետ կապված խնդիրների, մասնավորապես եզդիների և բահայի առաջնորդների քրեական հետապնդումների դեպքերի մասին՝ հետևելով նրանց դատավարությունների ընթացքին: Դեսպանությունը քննարկումներ է նախաձեռնում նաև պետական պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու համար ԼՂ հակամարտության ազդեցությունը կրոնական և մշակութային ժառանգության վրա: