«Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը «Ֆլայ Արնա» ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, հայտնում է ԱՆԻՖ-ը։
«Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունն է։
Վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները:
«Ֆլայ Արնան» աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին՝ բոլոր չափանիշներին համապատասխանելու և բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։ Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս ընկերությանը սկսելու չվերթերը, փաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի վստահության, դրա ներուժի և Ֆլայ Արնայի դերի մասին` ոլորտի երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում»,-ասվում է ԱՆԻՖ-ի հաղորդագրության մեջ:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից «Ֆլայ Արնային» հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը գործելու է «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով։