Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են ավտոմայրուղու հնարավոր երթուղիները, որը Հայաստանի տարածքով կապահովի տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ասվում է ՌԴ կառավարության կայքում։
Նշվում է, որ կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր 2021-ի հունվարին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը դեկտեմբերին էր։ Եվ կես տարվա դադարից հետո հունիսի 3-ին կայացել է 3-րդ հանդիպումը Մոսկվայում։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք մայիսի 24-ին հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։