8 հունիսի 2022 - 16:55 AMT
Բունդեսթագի պատգամավոր․ Հարկավոր է ԼՂ հակամարտության քաղաքական լուծում

Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Թիլ Մանսմանն ընդգծել է, որ հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծում։ Մանսմանը նշել է, որ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Որպես Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում՝ հաշվի առնելով նաև 2020 թվականին սկսված և մինչև նոյեմբեր շարունակված ռազմական բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Գերմանիան համարում է, որ հարկավոր է գտնել հակամարտության քաղաքական լուծում: Բախումներից հետո Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մակարդակով ընդհանուր առմամբ 2 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն է ցուցաբերել»,- նշել է պատգամավորը:

Մանսմանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ նպատակը միշտ պետք է լինի խաղաղ գոյակցությունը:

«Որքան էլ թշնամական լինեն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, մենք բախվում ենք մի իրականության, երբ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան ավելի փոխկապակցված են դառնում գլոբալիզացիայի պայմաններում: Հայաստանը պետք է բաց մնա խաղաղության և առևտրի զարգացման համար»,- ասել է Մանսմանը:

Ավելի վաղ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել էր, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված, և սա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։