7 ապրիլի 2009 - 22:03 AMT
Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հրապարակել «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը»
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 7-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը եւ հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ը:

Փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Բանկերի կողմից ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման եւ տվյալների պահպանման կարգ»-ում եւ «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը եւ վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում:

Խորհուրդը որոշեց վերաձեւակերպել «ԳՐ-ԱՎ-ՄՈ» ՍՊԸ գրավատան լիցենզիան: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրվեց «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի թիվ 6 մասնաճյուղին, «ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» ՓԲԸ-ն ստացավ գրավատան կազմակերպման լիցենզիա:

ԿԲ կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ տրամադրվեցին:

Ուժը կորցրած ճանաչվեցին «Գլոբփեյմենթս» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 11) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործունեության իրականացման լիցենզիան եւ «Հարութ-Հակոբ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե130 լիցենզիան` իրենց դիմումների համաձայն:

ԿԲ խորհուրդը որոշեց հրապարակել ՀՀ ԿԲ 2008 թ. «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը»: