9 հունիսի 2022 - 14:35 AMT
Լավրով․ Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ժամանակ ասել է, որ ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Անդրադառնալով այդ հարցին՝ Լավրովն ասել է, որ Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Լավրովը նշել է, որ Փառուխի հարցը ռուս զինվորականները շարունակում են դիտարկել որպես առաջնահերթություն։

«Այս իրավիճակի հետ կապված լարվածության որոշակի թուլացում կա։ Կարծում ենք, որ սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում այդ հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հունիսի 9-ի առավոտյան ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ պատասխան՝ թե ե՞րբ են Փառուխի և Քարագլխի հատվածում առաջ եկած ադրբեջանական զորքերը հետ քաշվելու ելման դիրքեր, այն դիրքեր, որոնք պայմանավորված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, գրում է «Փաստինֆոն»։

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։ Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, 5 հայ պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, վիրավորները 14-ն էին:

Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։