10 հունիսի 2022 - 12:53 AMT
Դեսպան․ ՀՀ հետ Իրանի առևտրի ծավալը պետք է հասնի $1 մլրդ-ի

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն Արևելյան Ատրպատականին կից երկիր է, Իրանը չի կարողացել ՀՀ հետ առևտրի ծավալը գերազանցել կես միլիարդ դոլարի սահմանը։ Դեսպանն այդ մասին խոսել է Թավրիզի գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ու շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի հետ կապված վեբինարում։

«Ուստի պետք է ջանքեր գործադրել այս ծավալը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար», ասել է նա, գրում է ParsToday-ը ԻՍՆԱ լրատվական գործակալության վրա հղումով։

Նշելով, որ Հայաստանը շատ լավ կամուրջ է Իրանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև՝ Զոհուրին ընդգծել է.«Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՄ-ի երկրների հետ ունի արտոնյալ մաքսատուրքեր, մենք կարող ենք օգտագործել այդ պոտենցիալը, մեր ապրանքներն արտահանելու համար, և պետք է քայլեր ձեռնարկվեն Հայաստանին հարակից նահանգների կողմից այն բարելավելու համար»։

«Հայաստանի հարևան նահանգներից շատերն ունեն հիանալի կլիմայական պայմաններ, ուստի մենք կարող ենք այս երկրում օգտագործել Իրանում ձեռք բերված գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները»,-հավելել է դեսպան Զոհուրին:

Զոհուրին ասել է.«Մենք պետք է նախագահի խիստ հրահանգով լուրջ ծրագիր ունենանք՝ բոլոր հարևան երկրների հետ կապ հաստատելու համար»։