Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում, անդրադառնալով վերջին շրջանում ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների հաճախակի այցերին, ասել է, որ ՄԱԿ-ը Սյունիքում գրասենյակներ է բացելու։
«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց շրջանակում ԱՄՆ դեսպանն այցելել էր Սյունիքի մարզ։ Նույն օրը կամ նախորդ օրը, եթե չեմ սխալվում` ԵՄ դեսպանն էր եկել` 6 երկրի դեսպանների հետ։ Հանդիպմանը քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրեր։
Մենք պայմանագիր ունենք կնքած Պարենի համաշխարհային ծրագրի հետ` մոտ 4 մլն դոլարի, և իրենց ներկայացուցիչը գտնվում է մարզպետարանում, տրամադրվել է տարածք։ Շուտով նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կունենա գրասենյակ, կնքվել են համագործակցության հուշագրեր»,- ասել է մարզպետը, գրում է Sputnik Արմենիան։
Նա հիշեցրել է, որ Իրանն առաջիկայում Կապանում հյուպատոսարան է հիմնելու։
Ղուկասյանը նաև նշել է, որ հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ և Իրանի դեսպանների հետ։
«Բոլոր այն երկրները, որ կուզեն Սյունիքի համար ծրագրեր իրականացնել, մենք միշտ պատրաստ ենք իրենց հետ աշխատել»,- ասել է Ղուկասյանը։
Սյունիքի մարզպետը նշել է, որ դիվանագետների այցերն այսքանով չեն ավարտվում։ Առաջիկայում նախանշված են ևս 4 դեսպանի այցեր մարզ, որոնց օրակարգում դարձյալ մարզի սոցիալ-տնտեսական հարցերն են լինելու։
Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին և Եվրոպայի երկրների դեսպանները։
Սյունիքի մարզպետարանը հայտնել էր, որ եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի տեղեկացրել են, թե ինչպիսին է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։