13 հունիսի 2022 - 18:19 AMT
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը կանցկացվի Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին Հայաստանում՝ բացման հանդիսավոր արարողությունը կանցնի Գյումրիում։ Այդպիսի որոշում է կայացվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստում՝ նախագահությամբ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի;

Նիստի փոխնախագահներն էին Ալբեր Բոյաջյանը (ԱՄՆ), Ստեփան Տեր-Պեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա), Ավո Թոքատլյանը (Արգենտինա), Եփրեմ Բաղի (Թուրքիա), Վրեժ Շառոյանը (Սիրիա), Շահան Սեմերջյանը (Լիբանան)։

Ամառային խաղերն անցկացվելու են Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում։

Նիստում որոշվել է առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին, իսկ Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարալիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։

Որոշվել է նաև լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը, գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։ Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։