ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է կատարվում Հայաստանում և շահագրգռված է, որ իրավիճակն այնտեղ կայուն լինի։
«Հասկանում ենք այն ամենը, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Տրամադրված ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Շահագրգռված ենք, որ իրավիճակը երկրում կայուն լինի, երաշխավորի զարգացում»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է նաև, որ Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն է։
«Մենք գնահատում ենք դա»,-ասել է Պուտինը։
Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է. «Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն», տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նա խոսել է նաև պատմական բարեկամության մասին։
«Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է»,-ասել է նա։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է։ Նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։