18 հունիսի 2022 - 14:12 AMT
ԱՄՆ փոխպետքարտուղարը Երևանում է․ Կհանդիպի Փաշինյանի հետ

Երևան է ժամանել Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։

«Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցերը և երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդն այցելել էր Ադրբեջան։