18 հունիսի 2022 - 15:20 AMT
Դոնֆրիդը՝ Փաշինյանին․ ԱՄՆ վարչակազմը կարևորում է ՀՀ հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը

Այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ Դոնֆրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջ մղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը գործադիրի կարևորագույն առաջնահերություններից մեկն է:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում:

Հունիսի 18-ին Քերին Դոնֆրիդին ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացների, ինչպես նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության զարգացումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ՝ որպես համանախագահող երկրի ջանքերը: