20 հունիսի 2022 - 14:41 AMT
Բաբայան․ Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ երկիր, մինչև տեսնենք՝ ինչ կլինի

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, նշելով, որ ԱՀ կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, ուստի չպետք է ակնկալել շուտափույթ լուծում, ասել է, որ Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ ու ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հետագայում։

Նա նշել է, որ Արցախի կորուստը բերելու է աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի ու հիմնարար փոփոխությունների, որից հետո տարածաշրջանում լրիվ այլ գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու, հայտնում է «Փաստինֆոն»։

«Պատկերացրեք՝ չկա Արցախը, հոսանքներից մեկը, որն Անդրկովկասում դոմինանտ դիրք է ունենալու, դա պանթյուրքիզմն է»,-ասել է նա:

Բաբայանը հավելել է, որ պետք է իրատես լինենք և հասկանանք, որ Արցախի կարգավիճակի վերջնական և համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է։

«Ուստի պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր հնարավոր միջոցներով, ուստի, եթե անգամ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ ու ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հետագայում: Մեզ համար մի բան պարզ է, որ նախ՝ բարդ է լինելու Արցախի խնդրի շուտափույթ կարգավորման հասնել, բայց նաև կարմիր գիծ է մեզ համար, որ որևէ ձևով չենք կարող լինել Ադրբեջանի կազմում կամ նրանից կախված, չի լինելու նման բան»,-ասել է Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ ԱՀ վերաբերյալ տարակուսելի հայտարարություններին և ընդգծել․ «Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, սա գոյապայքար է, մենք չենք անպատվում Շառլ Միշելին, բայց քաղաքակիրթ ձևով ասում ենք՝ սա քո մոտեցումն է, բայց մենք այլ կերպ ենք մտածում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին Ազգային ժողովում անդրադառնալով ԵԽ նախագահի ձևակերպմանը «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին, ասել է, որ Բրյուսելում ԼՂ հիմնախնդրի հարցով ՀՀ և Ադրբեջանի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, Շառլ Միշելը մեկնաբանություն է արել, որը, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմի դիրքորոշումներից։

Բրյուսելում Փաշինյանի, Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԵԽ նախագահի հայտարարության մեջ ասվում է. «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»: