21 հունիսի 2022 - 10:58 AMT
Միշուստինը՝ Փաշինյանին․ Հատուկ ուշադրություն ենք դարձնում ապաշրջափակմանը, աշխատանքը եռակողմ խմբի շրջանակում է

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը Մինսկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությանը համապատասխան:

«Գործնական աշխատանքն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` փոխվարչապետերի համանախագահությամբ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում տեղի է ունեցել դրա հերթական նիստը»,-ասել է նա:

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերն է և ՀՀ տնտեսության ներդրողը: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով և գերազանցել 890 մլն դոլարը:

«Կարծում եմ` դեռևս աճելու տեղ կա: Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանում գործում են ռուսական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների, այլ ոլորտների, և հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար:

«Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր արտադրությունների ստեղծմամբ, նպաստում ենք տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը` առաջին հերթին արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, թվայնացման: Այս հարցերը գտնվում են մեր միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում»,-ասել է նա։

Փաշինյանն իր հերթին ասել է, որ ցանկանում է հատկապես ընդգծել այն որոշումները, որ ՌԴ-ն ընդունել է Վերին Լարսի անցակետի հետ կապված:

«Գիտեք, որ ցավոք դեռևս այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին: Մտահոգություններ են առաջացել կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ` ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ և շատ կարևոր են որոշումները, որոնք Դուք արդեն ընդունել եք և որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք: Մենք այդ մասին խոսում ենք նաև մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը չհանդիպի արհեստական սահմանափակումների:

Այս համատեքստում, նաև շատ կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակումը և ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Օվերչուկին, Մհեր Գրիգորյանին, ովքեր Ադրբեջանի Հանրապետության համանախագահի հետ շատ ինտենսիվ զբաղվում են այդ հարցերով: Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն»,-ասել է վարչապետը:

Մինսկում ընթանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին քննարկվել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին: