21 հունիսի 2022 - 13:41 AMT
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. ևս 38 զինծառայող կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Շահառուների քանակը 4813 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 144 միլիոն դոլար։

Անվանացանկին կարելի է ծանոթանալ կայքում։

Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) գործում է 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Նախատեսված է շուտով վճարել նաև 1998-ից 2002 թթ․ կատարված դեպքերի վրա։