21 հունիսի 2022 - 17:24 AMT
Աշոտյան․Կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մանդատը վայր դնելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որոշմանը, նշել է, որ կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։

Նա հավելել է, որ հարգանքով է մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը։

«Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։

Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն։

Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միևնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։ Հայաստան՝ առանց Նիկոլ, Հայաստան՝ Նիկոլից հետո։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Նա նշել է նաև, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել էր բողոքի անժամկետ գործողությունների մասին։ Դեռ այն ժամանակ նա հայտարարել էր, որ ինքն այլևս չի պատկերացնում իր գործունեությունն այս գումարման ԱԺ-ում։