8 ապրիլի 2009 - 18:24 AMT
Կիրո Մանոյան. Թուրքիայի հետ բանակցություններում չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել
Հայկական դիվանագիտությանը հաջողվեց հասնել այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեց նախապայման լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, եւ այդ հանգամանքը խիստ մտահոգում է Ադրբեջանին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Բաքվի համար Թուրքիան Հայաստանի վրա ազդելու միակ լծակն էր: Չնայած Անկարայի հայտարարություններին, որ Թուրքիան Ադրբեջանին չի լքի ղարաբաղյան հակամարտության հարցում, ինձ թվում է, որ արցախյան հիմնախնդիրն արդեն նախապայման չի հանդիսանում հայ-թուրքական բանակցություններում»,- նշել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ հակառակ դեպքում Իլհամ Ալիեւը կմեկներ «Քաղաքակրթությունների ալյանս» գագաթաժողովին Ստամբուլում:
Դրա հետ մեկտեղ, «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը նշել է, որ «ղարաբաղյան նախապայմանից» հրաժարվելը դեռեւս չի նշանակում, որ Անկարան փոխել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Թուրքիան չի դադարի լինել Ադրբեջանի դաշնակիցն ու պաշտպանը ղարաբաղյան հակամարտության հարցում: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել»,- ընդգծել է Կիրո Մանոյանը: