23 հունիսի 2022 - 11:12 AMT
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները խոսել են փոխայցելությունների ակտիվացման և տնտեսական կապերի զարգացման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կատարի Պետության ԱԳ նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին հունիսի 22-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել են երկու երկրի միջև քաղաքական երկխոսության, բարձր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացմանն ու տնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին։

Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ, և կարևորել այցի շրջանակնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։

Կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում գործակցության զարգացումը։

Արարատ Միրզոյանը և շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով եղել է Կատարի Պետությունում: Վարչապետը հանդիպումներ է ունեցել Կատարի բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: