Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո երկրի ԶՈւ թվաքանակն ավելացել է։
Նա հավելել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է նոր մակարդակի բարձրացնել ադրբեջանական բանակը, որն իրենից կներկայացնի Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը, ինչպես նաև ապահովել նորագույն սպառազինությամբ և ռազմատեխնիկայով, գրում է Interfax.az-ը։
Նա նշել է նաև, որ ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ ստորաբաժանումներ (կոմանդոս), ինչպես նաև բացվել է պաշտպանության ազգային համալսարանը:
«Ավելացվել է ուժերի թվաքանակն ու միջոցները՝ հատուկ նշանակության ուժերի հաստիքների և ռազմածովային ուժերի հաստիքների օպտիմալացման հաշվին»,-ասել է նա։
Հասանովը նաև ասել է, որ այդ հատուկ ստորաբաժանումների անձնակազմը նախապատրաստման դասընթացներ է անցել Թուրքիայում, ադրբեջանական բանակում բարեփոխումների արդյունքում ստեղծվել է կոմանդոսների ուսումնական կենտրոն։