27 հունիսի 2022 - 15:42 AMT
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է գրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Արթուր Դավթյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի 3 թափուր տեղի համար առաջադրված 9 թեկնածուներից մեկն է։