29 հունիսի 2022 - 11:18 AMT
ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ Բաքվի հետ մերձեցման մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ կառուցողական է համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես սահմանային և մաքսային վերահսկողության մասով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա, անկասկած բարդ աշխատանք է, սակայն, պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մերձեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության, ինչպես նաև մարդկանց, ՀՀ և Ադրբեջանի տարածքի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության հարցերում»,-ասել է նա։

Ըստ ՀՀ կառավարության փոխղեկավարի, «տվյալ պահի դրությամբ փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և հետագա շահագործման հետ կապված հարցերը։

Տարածաշրջանային ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում։ Այդ նպատակների համար որոշվել է ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ապաշրջափակման հարցերով։