29 հունիսի 2022 - 12:05 AMT
Իգոր Խաչատուրովի նկատմամբ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է

Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Գործը հարուցվել էր մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով:

Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Այսպես՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևանի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ի. Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: