29 հունիսի 2022 - 13:44 AMT
Վարդապետյան․ Ինձ համար սկզբունքային է, որ դատախազությունն ապաքաղաքական և ինքնավար մարմին է

Ազգային ժողովն արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում, որի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Վարդապետյանը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է այն դրույթը, որ դատախազությունն ապաքաղաքական և ինքնավար մարմին է:

Նա նշել է, որ քաղաքական գործընթացներն այլ կանոններ են ենթադրում, իրավական գործընթացներն՝ այլ, բայց դատախազություն- օրենսդիր կապը չպետք է սահմանափակվի միայն հաշվետվություններով և տարեկան հաղորդումներով։

Վարդապետյանը, կարևորելով մասնագիտական քննարկումները, ասել է, որ հանձնաժողովների մակարդակով կարելի է համագործակցություն ստեղծել, օրինակ, երբ օրենքների փոփոխության դեպքում հարցը վերաբերվում է դատախազության կամ քննչական մարմինների որևէ իրավասությանը։

Նա նաև նշել է, որ դա իր համար թեթևսոլիկ որոշում չի եղել, այն հեշտ չի կայացվել, քանի որ ձախողումը կնշանակի ամբողջ ապրած կենսագրության ձախողում։

Ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցում։

Աննա Վարդապետյանը 2019-ին նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։