29 հունիսի 2022 - 15:45 AMT
Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Անկարային արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան հավանություն է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին։

Փոխարենը Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Անկարային արտահանձնել Թուրքիային ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին, գրում է BBC-ն։

«Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հուշագիր են ստորագրել, որը ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ Ֆինլանդիայի և Շվեդիայի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը»,-ասել է նա։

Ստոլտենբերգն իր հայտարարության մեջ ահաբեկչական կազմակերպություն է անվանել Քրդական աշխատավորական կուսակցությանը։

Թուրքիայի կառավարությունն իր պաշտոնական մեկնաբանության մեջ նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։

‌ ‌