29 հունիսի 2022 - 15:47 AMT
ԱՀ ԱԻՊԾ․ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 53 մարդ

Արցախում 44-օրյա պատերազմից մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական։ Այդ մասին ասվել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում, որը նվիրված էր անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան։ ։

Նշվել է, որ 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2022-ի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունք:

Հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

Ելույթներով հանդես են եկել և իրենց կողմից կատարված աշխատանքները ներկայացրել ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, Արտաքին գործերի նախարարության, ՊՆ-ի, Քննչական կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի, Սոցապ, պաշտպանության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում: