29 հունիսի 2022 - 16:33 AMT
Վարդապետյան․ Կալանքը չպետք է ինքնանպատակ լինի՝ բոլորին, ում մեղադրանք է առաջադրվել, պետք չէ կալանավորել

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում ասել է, որ դատախազությունը չպետք է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրի բոլոր անձանց համար, ում մեղադրանք է ներկայացված։

Նա նշել է, որ նախաքննության ընթացքում կալանքը խափանման միջոց է, ոչ թե պատիժ՝ նշելով, որ խոսքը, իհարկե, այն դեպքերի մասին չէ, երբ կասկածյալը կարող է խանգարել քննության ընթացքին կամ փախուստի դիմել։

Նա նշել է, որ մյուս դեպքերում կալանքը չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ կալանքը չի նշանակում, որ դրա արդյունքում նախաքննությունն ավելի արդյունավետ կլինի։

Վարդապետյանն ասել է նաև, որ հնչեղ գործերի դեպքում հանրության առաջին հարցն այն է, թե ինչու կասկածյալը չի կալանավորվել, մինչդեռ, դա վկայում է, որ պետական մեղադրանքի համակարգն այնքան անարդյունավետ է, որ դատախազությունն ու քննչական մարմիններն ի վիճակի չեն վարել գործը, եթե անձը կալանքի տակ չէ։

Աննա Վարդապետյանը 2019-ին նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։