29 հունիսի 2022 - 16:41 AMT
ՊԵԿ-ը պատշաճ վերահսկողություն կիրականացնի «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում

2022-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն, տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:

2022-ի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող բոլոր գործարքները կիրականացվեն միայն անկանխիկ եղանակով։ Կառավարությունը հաստատել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։