8 ապրիլի 2009 - 21:37 AMT
Տարեցները կազմում են Հայաստանի բնակչության 12 տոկոսը
Երեւանում անցնում է հասարակության ծերացման հիմնական հարցերին նվիրված եռօրյա միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:
Խորհրդաժողովի մասնակցիները կքննարկեն ծերացող հասարակությունների առջեւ կանգնած մարտահրավերները, Հայաստանում հասարակության ծերացման հիմնական հարցերի մշակումը, ծերացման հիմնական հարցերի գծով ազգային քաղաքականությունը:
ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամի «Բնակչության ռազմավարությունն ու զարգացումները» ծրագրի շրջանակներում եւ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի աջակցությամբ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Վիճակագրության ազգային ծառայության եւ Աշխատանքային ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցները 2008թ. հունիս-դեկտեմբերին մասնակի հետազոտություն են անցկացրել բնակչության ծերացման խնդրի վերաբերյալ:
Կազմակերպիչները հետազոտություններ են անցկացրել 50 բարձր տարիքային խմբում: Նրանք ուսումնասիրել են նրանց հարաբերություններն ընտանիքում, առողջական վիճակը, կենսակերպը, զբաղվածությունը, ինչպես նաեւ թոշակային ու ֆինանսական ապահովվածության մակարդակը:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ծերացող մարդկանց քանակը մեծ տոկոս է կազմում Հայաստանում: Բնակչության 12 տոկոսից ավելին 50 տարեկանից բարձր է:
Ինչպես ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, այդ նախագիծն ուղղված է տեւական կրթության, աշխատանքային կյանքի տեւողության երկարացման, առողջ կենսակերպի ապահովման խրախուսմանը:
Խորհրդաժողովում տարբեր երկրների մասնագետներ իրենց փորձը կկիսեն եւ խմբակայի քննարկումներ կանցկացնեն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ ծերանոցների այցելություններ: