30 հունիսի 2022 - 11:42 AMT
ՀՀ-ում կանաչ ջրածնի արտադրության առաջին արդյունաբերական ցուցանմուշը կկառուցվի․ Համաձայնագիր կա

Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության սմարթ ցանցի առաջին արդյունաբերական ցուցանմուշը կկառուցվի։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և HyGreenCo ընկերությունը (French group Solges-Energy-ի դուստր ձեռնարկություն) համաձայնագիր են ստորագրել։

Դա թույլ կտա ինտեգրել կանաչ ջրածնի արտադրության ամբողջ շղթան։ Արդյունաբերական այս ցուցանմուշը, որ մշակվել է «Ֆրանսիական հետազոտական ինստիտուտներ և լաբորատորիաների» կողմից, էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա կմատակարարի Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին, իսկ այնուհետ նաև Դեբետ գյուղին։ Արևային կայանն արտադրելու է էլեկտրաէներգիա, որը սնելու է կանաչ ջրածին արտադրող ֆրանսիական տեխնոլոգիայով ստեղծված էլեկտրոլիզերը։

Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին ՏԿԵՆ ղեկավարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Արտադրված և պահեստավորված ջրածինն այնուհետ կամ կմատակարարվի ջրածնային կայան, կամ կվերափոխվի էլեկտրաէներգիայի, ինչի արդյունքում սպառողները կստանան էլեկտրաէներգիա առանց CO2 արտանետումների։

Վերականգնվող էներգիայի արտադրման այս նորարարական գործընթացը լուծում է ընդհատումների խնդիրը, որն առկա է արևային էներգիայից և քամուց էլեկտրաէներգիայի ստացման ընթացքում։ Այս ցուցանմուշը հետագայում տեխնոլոգիապես կզարգանա, և կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի այս տեխնոլոգիան լայնամասշտաբ կերպով կիրառվի Հայաստանում։

Ֆրանս-հայկական այս համագործակցությունը մի կողմից թույլ կտա ֆրանսիական ընկերություններին զարգացնել իրենց տեխնոլոգիաները մաքուր էներգիայի՝ մասնավորապես ջրածնի արտադրության ոլորտում, մյուս կողմից կօգնի Հայաստանին աշխարհում զբաղեցնել ածխածնի արտանետումների ցածր մակարդակ ու զարգացող կանաչ տնտեսություն ունեցող երկրների շարքում։

Solges-Energy խմբի տնօրեն Արմեն Սեդեթյանը նշել է. «Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի զարգացնելու վերականգնվող էներգիայի ոլորտում ֆրանսիական տեխնոլոգիաները և ստեղծելու իրական արդյունաբերական ճյուղ՝ գործակցելով մեզ հետ համագործակցող և Ֆրանսիայում սարքավորումներ արտադրող կազմակերպությունների հետ։ Մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանի՝ կանաչ տնտեսություն զարգացնելու նպատակի իրագործանն ու, օգտագործելով ֆրանսիական արդյունաբերական ներուժը, վերջինիս դարձնել տարածաշրջանի առաջին սմարթ և կանաչ պետությունը»։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ իր հերթին նշել է. «Շատ ուրախ ենք SOLGES-ENERGY խմբի հետ մեր համագործակցության համար, քանի որ վերականգնվող էներգիայի արտադրման նախագիծը ևս մեկ հավելում է ՍՄԱՐԹ կենտրոնի նորարարությանն ու կայուն զարգացման հնարավորություններին»։

Այս նախագիծը «Ֆրանսիա-Հայաստան հավակնություններ» ճանապարհային քարտեզի, որ ստորագրվել է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև 2021թ. դեկտեմբերի 9-ին, առաջին ձեռքբերումներից է։ Ստորագրված ճանապարհային քարտեզի նպատակն է խորացնել երկու երկրների համագործակցությունը կայուն զարգացման ու նոր տեխնոլոգիաների ոլորտում։